Իր անսպասելի հաղթանակից մի քանի շաբաթ առաջ Դոնալդ Թրամփը ելույթ ունեցավ Գետիսբերգում և հրապարակեց կառավարման առաջին 100 օրվա ծրագիրը՝ գրում է Պաոլո Մաստրոլիլին La Stampa-ում: ԱՄՆ փրկության համար այդ սիմվոլիկ վայրում նա 28 խոստում տվեց՝ միանգամից ԱՄՆ-ը մեծ դարձնելու մտադրությամբ: Շաբաթ օրը 100 օրը լրացավ, բայց Թրամփն ասում է, որ դա «անհեթեթ ժամկետ է», հաջողության մասին դատելու համար: Պատճառը հաջողությունների պակասն է, սակայն ավելի հետաքրքիր է հարցը՝ դեռ որքա՞ն ժամանակ նրան կտան ընտրողները, նախ և առաջ՝ հանրապետականները: Գետիսբերգի 28 խոստումների կատարման արդյունքը բավականին անխնա է: Միակ իրական արդյունքը, գուցե, ամենակարևորը, որ կարող է ազդել ամերիկացիների մի քանի սերունդների կյանքի վրա, Նիլ Գորսուչի նշանակումն է Գերագույն դատարանի դատավոր: Սիրիայի վրա գրոհը չկար խոստումների մեջ, բայց ցույց տվեց Թրամփի մկանները՝ նրան գոնե մեկ դրական շաբաթ նվիրելով: ԱՄՆ նախագահը նոր մեկնարկ տվեց ածուխի, վառելիքի աղբյուրների օգտագործմանը, բեկանեց տարատեսակ կանոններ, որոնց արդյունքը հետո պիտի տեսնենք: Վատագույն ձախողումը առողջապահության բարեփոխմումն էր, թեպետ հիմա ձևավորվում է նոր փոխզիջում, որ կարող է փոխարինել Obamacare-ին: Հաջորդը անհաջող պատմությունը գերազանցապես մուսուլմանաբնակ յոթ երկրներից միգրանտների ու փախստականների մուտքը ԱՄՆ արգելելու օրենքի մասին է, որ բեկանեցին դատավորները: Կոնգրեսում նոր ձախողումից խուսափելու համար՝ նախագահը հրաժարվեց խնդրել ծախսերի մեծացում՝ Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու համար բյուջեի նախագծում, այլապես արդեն վաղը նրան սպառնում էր shutdown, այսինքն՝ պետության կենսականորեն ոչ կարևոր գործառնությունների դադար:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինի անկումը և Թրամփի նախընտրական շտաբի ու Ռուսաստանի պայմանավորվածության հետաքննությունը նախկինի պես մնում են սպառնալիք, որ դեմոկրատների կարծիքով կարող է հանգեցնել իմպիչմենտի, իսկ Հյուսիսային Կորեայի հետ ճգնաժամը նախագահի համար իսկական փորձություն է՝ կարողանալ փոխել ուժերի միջազգային հավասարակաշռությունը՝ միջուկային կոնֆլիկտ չհարուցելով: Եթե հավատանք հարցումներին, Դոնալդ Թրամփին աջակցությունը մոտավորապես 40 %-ի մակարդակում է՝ այսինքն «մեղրամիսի» նվազագույնի վրա, սակայն հարցումներն արդեն ամեն ինչում սխալվել են անցյալ նոյեմբերին և կան բացառություններ, որոնցով նա ունի 50 %: Այդ պատճառով USA Today-ը կազմակերպեց Թրամփի ընտրողների ֆոկուս-խումբ, և մասնակիցների 100 % -ն ասաց, որ ոչնչի համար չի զղջում՝ Թրամփը ջանում է խոստումները պահել, նրանք կարծում են՝ Թրամփին պետք է ժամանակ տալ: Սակայն գործընկեր հանրապետականներին պետք են կոնկրետ արդյունքներ, հատկապես տնտեսության մեջ ու աշխատատեղերի ստեղծման հարցում մինչև տարեվերջ, երբ կսկսվի հերթական ընտրարշավը Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին 2018-ին, որ կդառնա իսկական հանրաքվե Թրամփի նախագահության համար:
Պաոլո ՄԱՍՏՐՈԼԻԼԻ, La Stampa
Հ.Գ. 100 օրը, իհարկե, անհեթեթ քիչ է հաջողությունների հասնելու համար և կոնկրետ արդյունքների, բայց և բավարար ժամանակ է՝ հասկանալու, թե ինչ քաղաքականություն է վարվում: Դոնալդ Թրամփի պարագայում հենց դա չի հասկացվում: Փաստացի՝ նա սկսեց իր ծրագիրը, հետո անցավ ԱՄՆ նախագահների ծրագրի կատարմանը, իսկ ընտրողները նրանից ակնկալում էին ինքնատիպություն: Իմպիչմենտի մասին խոսակցությունները փորձագետները սկսել են նրա ընտրության պահից, կանխատեսելով, որ Կոնգրեսի ընտրություններում դեմոկրատական կուսակցությունը կարող է ռևանշ վերցնել և արգելափակել նախագահի գործողությունները: Այսօր հանրապետական նախագահը մեծամասնություն ունի Կոնգրեսում ու Սենատում, բայց ձայների համամասնությունը կարող է փոխվել նրա անհաջողությունների համապատկերում, ու դա ամենալուրջ սպառնալիքն է Դոնալդ Թրամփի նախագահության համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ